Լռություն
Փորձիր ըմբռնել լռության լեզուն,
Փորձիր գուշակել իղձերը նրա,
Եղիր նրա պես խորիմաստ խոհուն,
Եվ այդ մասին թող ո՛չ ո՛ք չիմանա:
Փորձիր գրավել անառիկ հեռուն
Ու մի վախենա դավող խավարից,
Եղիր արարիչ այն մութ աշխարհում,
Հորինիր շանթեր հանգած լույսերից:
Եղիր միայնակ գոնե մեկ վայրկյան,
Թեկուզ և լքված, թող այդպե՛ս լինի,
Նվաճիր բարձրու՛նքը հպարտության,
Եվ պի՛կն այդ, թող քո անունով կոչվի:
Փորձիր հեռանալ անաղմուկ ու լուռ,
Փորձիր թափառել հոգուտ սարերում,
Որոնիր այնտեղ մի փոքրիկ մատուռ,
Վաղուց այնտեղ քեզ քո խիղճն է սպասում:
1998թ.
Comments
Post a Comment