Հավերժ Հայաստան


Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛
Սմբակների տակ տրորված իմ հող,
Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,
Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,
Իմ աստվածային երկիր վանքերի,
Լռության լեզուն քո խաչքարների
Այբբենությունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրծքին արմատներ խրող,
Արևից դեղին անթառամ ծաղիկ,
Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող,
Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,
Երկինքը ցայող հույսերի հավույզ,
Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,
Հույսերի օվկիան, սայաթնովական:

Ու ծիրանագույն բուրաստանների
Բակունցյան թռիչք գերագույն մտքի,
Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛,
Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,
Մաքառումների հիշատակարան,
Մրրկահավքի երգ, վերածնություն,
ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,
Ոսոխի անհագ կոկորդին չոքած,
Իմ փետուրը քո թևից եմ պոկել,
Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,
Որտեղ պարսկական փղերն են չոքել,
Հրավիրում եմ ձեզ մենամարտի,
Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք, դուք հափշտակել,
Հայտնագործել ենք, իսկ դուք գողացել,
ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,
ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիդ, դաժան ու ոճրախնդիր,
Մարդու նմանվող թշվառականներ,
Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,
Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի
Հադեսի կուրցքը կպատառոտեմ,
Եթե նա նորից գլուխ բարձրացնի
Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների
Մատներն այս գրող դարձնեն փոշի,
Կկազմեմ մի գունդ ուրվականների
Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ ,
Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,
Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,
Հոգիս հողիդ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛դ մեջ մնա քեզ ջերմացնելու,
Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,
Անքակտելի՛ է ջիղն արիացու,
Իմ հավերժահարս, հավերժ, Հայաստան:
04.02.1998

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023