Գարուն
Դու մուսան էս բացվող գարնան,
Արևի պես,
Սիրավեպը կյանքիս անվան,
Պատմում եմ քեզ:
Լույսը ձնձաղիկի նման
Հույս է կարծես,
Գարնան հետ ես ունեմ պայման,
Փնտրում եմ քեզ:
Ճնճղուկները գարունն են տոնում,
Մի ծլվլո՜ց է թառել ծառերին,
Անհոգ դայլայլող տերևներ որպես,
Դեռ չբողբոջած ծառի շիվերին:
Ժամանակը բաղձանք նյութող,
Կուռ հանելուք,
Հեռուներից ինձ միշտ կանչող
Մոտիկ շշուկ:
Ու գարուն է, խելառ գարուն,
Արարություն,
Իմ երազը հալհլվող ձյուն,
Հին պատմություն ։
Ճնճղուկները գարունն են տոնում,
Մի ծլվլո՜ց է թառել ծառերին,
Անհոգ դայլայլող տերևներ որպես,
Դեռ չբողբոջած ծառի շիվերին
Comments
Post a Comment