ԿենսաբազմաՁայնություն


Երևանում 2026 թ. հոկտեմբերի 19-ին անցկացվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17): Այդ համաժողովը մեծ ազդեցություն գործեց մեր խորհրդարանի վրա, հատկապես ընդդիմության։ Մեր պատգամավորները վռազ հասկացան, որ եթե խոսքը կենսաբանության մասին է, ապա այն վերաբերում է բոլոր կենդանի էակներին և բույսերին, որ կենդանիներն ու բույսերը կապված են իրար հետ։ Օրինակ՝ եթե չլինեն որոշ բույսեր, ապա հնարավոր չի լինի պատրաստել շատ կերակուրներ։ Օրինակ՝ եթե չլինի կակաչ, չի կարելի թխել կակաչի սերմով (մակով) բուլկի։

Իսկ այն պատգամավորները, որոնք գիտեն՝ ինչպես իշմար տալ (իշմար՝ հասկացնել, ենթամշակութային սլենգ, օգտագործվում է ընդդիմադիր պատգամավորի կողմից), այդ պատգամավորները մտածեցին, որ COP17-ն Հայաստանում անցկացնելով՝ միջազգային հանրությունը իրենց իշմար է տալիս՝ պաշտպան կանգնել ձայների բազմազանությանը, խթանել բազմաձայնությունը։

Եվ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պետք է լինի բնության մեջ։ Բնության մեջ կենդանիները ձայներ են հանում տարբեր պատճառներով. գայլը ոռնում է, կատուն մլավում է, շունը հաչում է, պատգամավորներից ոմանք երբեմն խոսում են, մնացածներից դեռ հայտնի չէ՝ ինչ ձայներ են հանում։ Բայց միայն երկու դեպքում է, որ կենդանիների հանած ձայները կրում են պաշտպանական կամ հարձակողական բնույթ. մի դեպքում, երբ կենդանին իր ձայնի միջոցով պաշտպանում է իր տարածքը, իսկ մյուս դեպքում, երբ գզվռտում են կերակուրի համար։

Մեր խորհրդարանականները, օգտագործելով իրենց ձայները (մանդատները՝ ստացած ձայների համապատասխան), ապահովեցին կենսաբազմաՁայնությունը և կենսաբազմաԿարծությունը խորհրդարանում՝ տուրուդմփոցի միջոցով։

Տուրուդմփոցը շատ հարմար միջոց է. մեկը պիջակն է հանում, որ վախենան, մտածեն՝ վայ, հիմա տես՝ ինչ է անելու։ Նման պահվածք կա բոլոր կենդանիների մոտ (ամենատպավորիչը կատուների մոտ է ստացվում...)։ Տեսնում է, որ չվախեցան, սկսում է բաժանել, բայց հետն էլ աննկատ խփում է հակառակորդին։ Դատավորը, չէ՛, չէ՛, ժողովի նախագահը բղավում է՝ «Ընդմիջու՜մ», հաշվի չառնելով, որ նույնիսկ բռնցքամարտի ժամանակ պետք է երեք րոպե իրար դնքստեն, որ հայտարարվի ընդմիջում։ Ժողովուրդը սրանց ինչի՞ համար է ձայն տվել, որ գոնե բռնցքամարտի մի ռաունդ է՞լ չկռվեն։

Հարկ է նշել, որ բանակում ծառայած պատգամավորները բավականին դիմացկունություն ցուցաբերեցին, բանակից փախածներն ու ռուսամետները շատ շուտ նորից փախան։ Հույսները դրել էին ռուսների վրա, որ գան, փրկեն։ Հուսով էին՝ հեսա ռուսաց գլխավոր ձյուդոիստը սև պարանը քամակին փաթաթած գալու է, սաղին տշի։ Էն էլ նորից մնացին Մաշա Զախարովայի հույսին, որ փեշերը փռի իրենց վրա։ Դա, իհարկե, խնդիր չէ, բայց արի ու գուշակի, թե Մաշայի փեշերի տակ դրանք ով ինչի մասին է մտածում, ով ինչպես է հասկանում Մաշայի իշմարը։

Չէ՛, էս գործից առանց Ֆրոյդի դժվար է գլուխ հանել, որովհետև բնության մեջ բազմազանությունը կապված է խաչասերումից, որի ժամանակ արուները կռվում են իրար հետ, իրար են դնքստում, ինչպես մեր խորհրդարանում։

Այո՛, ա՛յն, ինչ բնական է, բանական է։

Comments

Popular posts from this blog

Հիմա

Խորհրդարան 2023

Հավասարաչափ քսմսվող շարժում

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Ինքնանկար

Ջինը օղու շշից