Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛ Սմբակների տակ տրորված իմ հող, Դու բոցկլտացող բի՛բն ես արևի, Լուսափայլության շողեր հորինող: Անըմբռնելի ներող ու բարի, Իմ աստվածային երկիր վանքերի, Լռության լեզուն քո խաչքարների Այբբենությունն է իմ մրմունջների: Ժայռերի կրծքին արմատներ խրող, Արևից դեղին անթառամ ծաղիկ, Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող, Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք: Շեկ արևելքի մինուճար փիրուզ, Երկինքը ցայող հույսերի հավույզ, Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան, Հույսերի օվկիան, սայաթնովական: Ու ծիրանագույն բուրաստանների Բակունցյան թռիչք գերագույն մտքի, Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛, Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜: Մատյան նաիրյան, հայոց պատմություն, Մաքառումների հիշատակարան, Մրրկահավքի երգ, վերածնություն, ԵՎ խռովահույզ, և անդենական: Ոգու կորով իմ առյուծ արծվաթև, Ոսոխի անհագ կոկորդին չոքած, Իմ փետուրը քո թևից եմ պոկել, Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված: Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի, Որտեղ պարսկական փղերն են չոքել, Հրավիրում եմ ձեզ մենամարտի, Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել: Մենք ստեղծել ենք, դու...